ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեկ մեկնարկեց նոր ուսումնական տարին, և կրթական համակարգի կարևորագույն նորույթն այն էր, որ հանրապետության տարածքում առաջին անգամ իրենց դռները բացեցին 10 ավագ դպրոցներ։ Ինչպես «Իրավունքը de facto»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ավագ դպրոցներ բացվել են Արագածոտնում (մեկ դպրոց), Գեղարքունիքում (երկու դպրոց), Շիրակում (չորս դպրոց) և մայրաքաղաք Երևանում (երեք դպրոց)։ Երևանում ընտրվել է Մալաթիայի, Նոր Նորքի և Աջափնյակի մեկական դպրոց։
Նշենք, որ համաձայն նոր կրթակարգի, 2006 թվականից սկսվել է անցումը հանրակրթության 12-ամյա ծրագրին, որի առանցքային ուղղություններից մեկը եռամյա ավագ դպրոցի կառուցումն է։ Այս ծրագիրն ուղղված է հանրակրթության երրորդ աստիճանում՝ ավագ դպրոցում կրթության որակի և արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը։ Ավագ դպրոցը նախամասնագիտական կրթություն ապահովող հիմնական օղակն է, որի գործունեությունից մեծապես կախված են սովորողների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը։ Փաստորեն, ավագ դպրոցը հանրակրթության վերջին օղակն է և սովորողներին պետք է պատրաստի ինքնուրույն կյանքի ու աշխատանքի շուկա մտնելուն։
Ի սկզբանե որոշված էր, որ այս ուսումնական տարում կբացվի 30 ավագ դպրոց, որոնք կանցնեն փորձնական փուլ։ Սակայն քննարկումների արդյունքում, հաշվի առնելով նաև հնարավոր ռիսկերը, որոշվել է բացել ընդամենը 10-ը։ Իսկ ռիսկերը, ԿԳՆ-ի հանրակրթության վարչության պետի փոխանցմամբ, կապված են ուսուցչական կադրերի, աշակերտների տեղափոխման, հասարակության մեջ հավատի ձևավորման հետ։ Ն. Հովհաննիսյանը նշում է, որ բոլոր 10 դպրոցներն էլ ընտրվել են գոտիավորման սկզբունքի հիման վրա. «Ընտրվել են լավագույն դպրոցները, որոնք ավագ դպրոցում արդեն հաջողություններ են ունեցել, բացի դրանից, այդ դպրոցներում կա մանկավարժների հզոր բանակ։ Սեպտեմբերին այդտեղ դասավանդող ուսուցիչները վերապատրաստվելու են։ Եվ եթե վերապատրաստման արդյունքում ոմանք չկարողանան աշխատել, ապա կառաջանան թափուր տեղեր, ինչի դեպքում դպրոցի տնօրենը մրցույթ կհայտարարի և կհավաքագրի լավագույն կադրերին»։
Ավագ դպրոցներում ուսուցումը տարվելու է հոսքային տարբերակով՝ ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիա-կենսաբանական, հումանիտար և այլն։ Նշենք, որ այժմ հանրապետությունում գործում է ավելի քան 1300 պետական միջնակարգ ընդհանուր դպրոց, որոնցից 10-ը՝ տարրական, 151-ը՝ հիմնական և 1168-ը՝ միջնակարգ։ Հանրակրթական հաստատություններում սովորում է ավելի քան 460 հազար աշակերտ։ Սովորողների ընդհանուր թվի մոտ 22 տոկոսն ուսանում է ավագ դպրոցում։ Յուրաքանչյուր տարի պետական բուհերն ունենում են շուրջ 12500 դիմորդ, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները՝ 6000։ Բուհերի դիմորդների մոտ 8%-ը տվյալ տարվա շրջանավարտ չէ։ Բուհում ուսումնառությունը շարունակում է դիմորդ-շրջանավարտների միայն 60%-ը, իսկ ընդունելության քննության նվազագույն 8-միավորանոց շեմը չի հաղթահարում դիմորդների մոտ 25%-ը, և այդ թիվն աճելու միտում ունի։ Մարզերի ավագ դպրոցներում ուսման ցածր մակարդակի և բարձրագույն կրթության ցածր մատչելիության մասին է խոսում այն փաստը, որ ՀՀ մարզերի շրջանավարտների միայն 20%-ն է դիմում բուհ, ընդ որում, այդ թիվն ունի նվազելու միտում։ Երևանի դպրոցների շրջանավարտների միայն 40%-ն է դիմում բուհ։
Արդեն տարիներ ի վեր գործող ուսումնական պլանը ճկուն չէ, այն թույլ չի տալիս սովորողին լիարժեք բավարարելու իր հետաքրքրությունները և կատարելու առարկաների ընտրություն՝ ըստ նախասիրությունների։ Բարձր դասարաններում դասավանդող ուսուցիչների մասնագիտական որակավորումը բավարար չէ որակյալ կրթություն ապահովելու համար։ Այստեղ սովորողների սակավաթվության պատճառով չի ապահովվում կրթական ծրագրերի բազմազանություն։ Այդ դասարաններում ավելի, քան դպրոցի այլ աստիճաններում, կոռուպցիոն ռիսկերը բարձր են։ Թվարկած հիմնախնդիրներից կարելի է եզրակացնել, որ այսօրվա ավագ դպրոցը չի իրականացնում իր հիմնական նպատակը՝ մասնագիտական կողմնորոշում և նախնական մասնագիտական կրթություն տալը։ ՈՒստի առավել արդյունավետ է ստեղծել առանձին գործող ավագ դպրոցների համակարգ՝ համապատասխան ֆինանսավորմամբ, մանկավարժական կադրերով, նյութատեխնիկական բազայով, որտեղ կառաջարկվի կրթական ծրագրերի բազմազանություն։
Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը նաև տեղեկացրեց, որ այն բնակավայրերում, որտեղ գործում է ընդամենը մեկ միջնակարգ դպրոց, այն կշարունակի գործել նույն կարգով՝ իրականացնելով ավագ դպրոցի ընդհանուր հոսքի կրթական ծրագիրը։ Նոր համակարգի ներդրման ավարտին նախատեսվում է ամբողջ հանրապետությունում ունենալ 150 ավագ դպրոց։ «Ծրագիրը լուծելու է արդեն կուտակված մի շարք խնդիրներ։ Այսօր հանրապետությունում ունենք ստվերային անհասկանալի ավագ դպրոց։ Երեխան չի ուզում դպրոց գնալ, չի ուզում խորությամբ ուսումնասիրել այն առարկաները, որոնք իրեն պետք չեն»,- եզրափակում է տիկին Հովհաննիսյանը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ